ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

Անպտուղ այգի չկա, մշակներն են պակասում

Անպտուղ այգի չկա,  մշակներն են պակասում
03.03.2015 | 12:19

Անհանգիստ եմ, շատ անհանգիստ: Հոգիս տակնուվրա է լինում: Ինչ-որ փոփոխություն է պետք։ Չէ՛, պետք է գնամ Պատարագի: Ինչքա՞ն կարելի է հետաձգել. չէ՞ որ Տիրոջ հետ հաղորդակցվելու կարիք ունեմ: Ընկերներս վաղուց Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցի են այցելում, լավ կլինի, որ վաղը՝ կիրակնօրյա Պատարագին, նրանց միանամ:
Գնացի Քանաքեռ, մտա եկեղեցի ու կանգնեցի արդեն իսկ այնտեղ գտնվող ընկերներիս կողքին: Սկսվեց Պատարագը՝ քրիստոնեական գլխավոր աստվածապաշտական արարողությունը, որի ընթացքում կատարված աղոթքների, քարոզների, սուրբգրային ընթերցումների, երգվող շարականների, սրբասացությունների և կատարված ծեսերի միջոցով պատմվեցին Քրիստոսի մարդեղությունը, խաչելությունը, քավչարար մահը, հրաշափառ հարությունը, մշտնջենական բարեխոսությունը և երկրորդ գալուստը: Այս ամենից հետո մասնակից եղանք Հիսուսի մարմնի և արյան Հաղորդությամբ հոգևոր և իրական միավորմանը, որը տեղի ունեցավ հավատացյալներիս միջև և Քրիստոսի հետ: Կեսօրն անց էր, որ ընկերներիս հետ դուրս եկանք եկեղեցուց, կանգնեցինք գավթում: Անհանգստությունս անցել էր: Ընկերներս հարցրին՝ տխուր էիր, երբ ներս մտար, ինչ էր պատահել: Պատմեցի, որ երբ առավոտյան եկեղեցի բերող ավտոբուսը բարձրացա, միանգամից զգացի, թե ինչ հաճելի միջավայր ընկա. գեղեցիկ կանայք, գեղեցիկ աղջիկներ, կոկիկ հագնված տղամարդիկ, և այդ ամենը` շաղախված անուշաբույր օծանելիքներով: Ճանապարհը շատ կարճ թվաց, շամպայն գինիների գործարանի կանգառում էլ բոլորը իջան, մնացի միայն ես: Վարորդը զարմացած նայեց ու հարցրեց.
-Ինչո՞ւ չես իջնում. եկեղեցու կանգառն է: Ես էլ իմ հերթին զարմացա ու հարցրի.
-Ի՞նչ եկեղեցի է սա։
-Ո՞նց թե, «Կյանքի խոսք» եկեղեցին է:
-Չէ, ախպեր ջան,- ասացի,- ես Քանաքեռի Հայ առաքելական սուրբ Հակոբ եկեղեցին եմ գնում:
-Լավ,- ասաց,- երկու կանգառ հետո կիջնես։
Եվ մինչ Պատարագն սկսվելը մտածում էի, թե այդ ինչ այգի է այնտեղ, ինչ պտուղներ է տալիս, ինչ մշակներ ունի, որ դեպի իրեն է ձգում այդքան հայորդիների, գուցե ինչ-որ գաղտնի՞ք կա, որ մենք չգիտենք:
Այսպես զրուցում էինք, երբ երեք երիտասարդ տղաներ մոտեցան մեզ և առանց բարևի սկսեցին նախատել, թե` ձեր հագած-կապածին նայեք, ձեր տարիքին, ի՞նչ եք կորցրել այս եկեղեցում: Զգացի, որ նրանցից են, այն օսլայվածներից, և շատ ագրեսիվ են: Ասացի.
-Տղաներ, դուք չգիտեք, որ այս շենքը չէ եկեղեցին, եկեղեցին հավատացյալների ժողովն է, այս տաճարը նրանց հավաքատեղին է: Եկեղեցին Քրիստոսի խորհրդաբանական մարմինն է, երկնային հարսը, հավատացյալ ժողովուրդը: Սա աղոթքի տուն է, ամեն մարդ կարող է մտնել այնտեղ և աղոթել: Եկեղեցին մենք ենք, որ ահա երեքով կանգնած ենք միաբան` Տեր Հիսուս Քրիստոսի անունով:- Երիտասարդների հետաքրքրությունը շարժվեց, և փոքր-ինչ մեղմացած հարցրին.
-Բայց չէ՞ որ այնտեղ շենքի քարերը համբուրում են:
Ասացի.
-Ինչո՞ւ եք գայթակղվում. դա նրանք անում են ոչ թե կռապաշտորեն, այլ խոնարհությամբ:
Տղաների ագրեսիան տեղի տվեց, նրանք հարցերի տարափ տեղացին: Եվ, ո՜վ զարմանք. դրանք այն նույն հարցերն էին, որոնց պատասխանը ես փնտրել ու գտել էի իմ հոգևոր կյանքի վերջին տասը տարում: Իսկ մենք խոնարհությամբ ու հեզությամբ ունկնդրեցինք և պատասխանեցինք նրանց բոլոր հարցերին: Նրանց դեմքերը պայծառացան ու խաղաղվեցին:
-Մենք դեռ Ձեզ նման մարդ չէինք տեսել,- ասացին նրանք և ուզեցին հեռանալ:
-Սպասեք,- ասացի,- իմ հարցին էլ դուք պատասխանեք: Ահա մեկ ժամից ավելի է` զրուցում ենք: Եթե նման զրույցը այս գեղեցիկ տաճարի ներսում կատարվեր, դուք ամեն կիրակի կայցելեի՞ք այնտեղ:
-Միանշանակ և մեծ սիրով,- պատասխանեցին նրանք, հաջողություն մաղթեցին և, գլուխները խոնարհած, հեռացան։
-Պատարագի տված խաղաղության վրա ցնծություն իջավ,- նկատեցին ընկերներս:
-Որովհետև անպտուղ այգի չկա, մշակներն են պակասում, պիտի խնդրենք այգու Տիրոջը, որ շատ մշակների հանի...
Ամեն:

Լևոն ԲԵԳԼԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1185

Մեկնաբանություններ